Պարը` կյանքի ուժ (վալս, տանգո, սալսա, պորտապար)

Ասում են` պարը մարմնի և հոգու լեզուն է: 

Մասնագետների կարծիքով պարով զբաղվողները ավելի առողջ և երիտասարդ տեսք ունեն, ինչը ոչ միայն ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունք է, այլ ավելի շատ ներքին հոգեվիճակի, չ՞է որ պարելու ընթացքում դրական էմոցիաներ են կուտակվում, իսկ աշխարհընկալումը դառնում է ավելի պայծառ և պոզիտիվ:
Իր անհատականությունը ընդգծելու համար, կինը կարող է ընտրել տարբեր ժամանակների և ազգերի պարերի հսկայական ժառանգությունից հենց այն պարը, որը հոգեհարազատ է իր էմոցիոնալ վիճակին, աշխարհընկալմանը, բնավորությանը:
Ահա դրանցից մի քանի առավել տարածվածները`


Վալս` սիրո պար
Առաջացել է գերմաներեն  «walzen» բառից, որը թարգմանաբար նշանակում է պտտվել: Իրականում այս պարը նման է անվերջանալի պտույտներիզգացմունքների, մտքերի ու երաժշտության շրջապտույտների: Վալսի ժամանակ աշխարհը սլանում է կողքովդ բուռն տեմպով, մարմնումդ զգում ես զարմանալի թեթևություն, եթերայնություն, հաճելի գլխապտույտ, իսկ աչքերիդ առջև միայն սիրելիիդ դեմքն է...և երաժշտություն:
Իզուր չէ, որ նորապսակները ավելի հաճախ ընտրում են հենց վալսը, որպես հարսանեկան պար, քանի որ այն ճշգրիտ կերպով արտահայտում է այն տոնայնությունը, որը այդ պահին համապատասխանում է նրանց հոգեվիճակին:

Եթե Դուք ունեք ռոմանտիկ խառնվածք, օժտված եք նուրբ ճաշակով և սիրում եք դասական երաժշտություն, վալսը իսկը Ձեզ համար է: 




Տանգո` կրքի պար
Տանգո բառն ունի աֆրիկական ծագում և նշանակում է  «հանդիպման վայր» կամ  «հատուկ վայր»: Այս պարի բնույթը առավել քան ճշգրիտ ներկայացրել է Բորխեսը իր հետևյալ արտահայտությամբ.  «Տանգոն հորիզոնական ցանկությունների ուղղահայաց արտահայտումն է»:
Եվրոպայում երկար ժամանակ տանգոն դասվում էր արգելված հաճույքների թվին` իր չափազանց զգացմունքայնության, կրքոտության և անկեղծության պատճառով: Սակայն և ոչ մի դարաշրջան կամ արգելք ի վիճակի չէ սառեցնել այն տաք արյունը, որ եռում է այս պարի երակներում: Տանգոն հնարավորություն է պարի միջոցով արտահայտելու սեփական կրքերը,  նվաճելու և նվաճված լինելու ցանկությունը: Այն բացահայտում է մարդու անհատականությունը, այնպես, ինչպես ոչ մի այլ պար չի կարող անել:
Եթե Դուք ակտիվ և նպատակասլաց անձնավորություն եք, ով միշտ գիտի ինչ է ուզում կյանքից և զուգընկերոջից, սովոր եք վստայել Ձեր ցանկություններին և կյանքից վերցնել առավելագույն, ուրեմն տանգոն ձեր պարն է:





Սալսա` կյանքի պար
Սալսան իսպաներենից թարգմանաբար նշանակում է  «սոուս», որում գերակշռում են էկզոտիկ համեմունքները: Այս պարի համար պարտադիր է ֆլիրտը, այն առիթ է ազատ լինելու, սեփական ցանկությունների, բնազդների, համոզմունքների ազդեցության տակ գտնվելու: Սալսան կյանք է, սեր է, տղամարդու և կնոջ հարաբերությունների էությունն է: Լատինաամերիկացիները համոզված են, որ հետևելով, թե ինչպես է մարդ սալսա պարում, կարելի է կռահել, թե նա ինչպիսինն է անկողնում:
Սալսա պարելն այնքան էլ դժվար չի, կարևոր է պարզապես զգալ ռիթմը և իմպրովիզներ կատարել: 
Սալսան հենց Ձեր պարն է, եթե Դուք համարվում եք պարզ, ձևականություններից զերծ անձնավորություն: 


Պորտապար` արևելյան գայթակղություն
Պորտապարի պատմությունը ձգվում է մինչ դարերի խորքը: Այս պարի ծագումը և ընթացքը ուսումնասիրողները կարծում են, որ սկզբնականում այն եղել է ծննդաբերությանը պատրաստվելու ծիսակարգային արարողություն: Զարմանալի չի, որ կանայք պորտապարի շարժումները վերածել են ծիսակարգի, չ՞է որ դրանք ամրացնում են փորի և ներքին օրգանների մկանները` այսպիսով հեշտացնելով ծննդաբերության գործընթացը:
Պորտապարը  զգացմունքային, կանացի և նրբագեղ պար է, որն ի ցույց է դնում կնոջ մարմնի ողջ գեղեցկությունը: 
Եթե Դուք երազկոտ եք և առեղծվածային` հակված խորը մտածողությանը, ինչպես նաև տարված եք արևելյան մշակույթով, որը ձուլում է իր մեջ մահացու զգացմունքայնությունն ու արտաքին հանդարտությունը, պորտապարը Ձեզ համար է:


Comments