Ամուսնական կյանքում բացարձակ հավատարիմ կինը դադարում է կին լինելուց և դառնում Մարիամ Աստվածածին, որին կարելի է պաշտել և ոչ սիրել։ Ամբողջ կյանքումս նայել եմ Մարիամին և մի օր մտքէս չի անցել, թէ դա կին է, որին կարելի է սիրել։
Եթէ առաքինությունը հաճախորդ չունի, ինչո՞ւ զուր տեղ է բռնում կյանքի խանութում։
Բացարձակ առաքինի կինը նման է միայն մէկ սենյակից բաղկացած բնակարանի, առանց որևէ «հարմարության»։ Աշխարհիկ կնոջ հոգին ինչքան շատ բաժանմունք ունենա, և այդ բաժանմունքներում որքան շատ գաղտնիքներ թաքնված լինեն՝ այնքան նա կատարյալ կին է։ Կինը պէտք է եգիպտական լաբիրինթոս լինի, և տղամարդը իր ամբողջ կյանքում մոլորվի մէջը ու չկարողանա լույս աշխարհ դուրս գալ։
Միամիտ ու հասարակ կանայք, անգիտանալով իրենց գերազանց ուժը, ծունկ են չոքում իրենց անհավատարիմ ամուսինների առաջ, արտասուք թափում և հավատարմություն մուրում, առանց գիտակցելու, որ արտասուքն ավելի է բորբոքում անհավատարմությունը։
Խաբված կին, կուզե՞ս ծունկի բերել մարդուդ՝ ուրիշ սերեր և խանդ խառնիր դէպի քեզ ունեցած ամուսնուդ խունացած սիրո մէջ, և պիտի տեսնես մարդդ Ավետարանի հովվի նման իր իննսունինն սիրեկանները թողած քեզ պիտի փնրի։ Դու կնորոգվես ու կփոխվես նրա աչքին, աշխարհի բոլոր գեղեցկությունները կբերի ու քո դէմքին կզետեղի նորից սիրահարվելով քեզ։
Ուրեմն, ո՜վ կին, ամուսնանալիս երբէք առանց խանդի զուտ սէր չգործածես․ մի կաթիլ խանդը մի մեծ բաժակ ջրի մէջ ձեր ամուսնական կապն այնքան ուժեղ կդարձնի, որ մեռնելուց հետո էլ մեծ դժվարությամբ պիտի արձակվէք իրարից․․․
Աշխարհիս մէջ ջուրը ամեն տեսակ հրդեհները կմարի, բայց եթէ փորձես նույն ջուրը կարբիդի վրա լեցնել՝ նա կբոցավառվի։
Հավատարմությունն էլ, որ բոլոր ասպարէզներում մարդու հիացմունքն է վառում, սիրո վրա ածելիս՝ կհանգի։
Սէրը բորբոքելու համար վրան խանդ պէտք է ածել անպայման։

Comments
Post a Comment